Եկուր (Միսաք Մեծարենց)

(Սիրերգ)

Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե,Ըզգալ տո՛ւր ինծի գորովանքն ու հույս.Պիտի գա օր մ’որ հոգիդ ավաղեԱրագ խուսափումն երազին այս լույս:

Եկո՜ւր. վաղը դուն գուցե՜ թարշամիս,Եվ գուցե տենդով մը մեռնի հոգիս,Մի՛ խամրեցըներ հույզը պաշտումիս:

Թո՛ղ որ նայվաքիդ ըմպեմ բոցը ջինջ,Մոտեցի՜ր, քնքույշ ծաղի՜կը կյանքիս.Համբույրի մը մեջ մոռնամ ամեն ինչ:

Ա՜հ, այս կյանքն աղվո՛ր որքա՜ն դանդաղ է:Եկո՜ւր, ձանձրույթը հալեցուր հոգվույս.Լույս երազի մը մեջ զիս թաղե,Բե՜ր ինծի սըրտիդ գուրգուրանքը կույս:

Comments

Loading comments…