Խենթե՜ր

Ա

Մթնաշաղին բոցերուն մեջ երփնագույն,Երկու ձեռքը կը կարկառե, և իսկույնԿ’ուզե բռնել՝ հասկերուն վրա ցորենի՝Փախչող լույսին թռչնակները ծիրանի:

Կ’ուզե թրջել ճակատն՝ ինչով բոցարծարծ՝Ճերմակ թռչնիկ ծփանքներուն վրա ծովուն.Վարազի պես կը խոյանա վրդովուն՝Բայց մոր գի՜րկն է որ կը բանտե զինքն հանկարծ:

Խե՜նթն է, կ’ըսեն, անխի՛ղճ գութով, և հանգույնԱսուպներու՝ իրենց խոկին կը դառնան.Հորիզոնի դալկության մը պես տժգույն՝Մայրն անդոհով կու լա պտուղն իր գարնան:

Մայրը կու լա երջանկությունն իր զավկին.Ու կը կարծե փուշեր ժողվել, ուր վարդեր,Արձակունակ ծաղիկներու քաղցրագինԵդեմներ նոր՝ տըղուն անուրջն է գըտեր:

Տըղուն՝ որ գո՜հ փակեց թևերն ու կարծեսԿը հավատա անհունություն մը գրկել:Կ’ուզե մինակ ըլլալ. վազե՜լ անարգելԱնրջական ի՜նչ կույսի մը ոսկեգես…

Ու ջուրերուն եզրը կեցած, երբեմն ալ,Երկա՜ր ատեն, կը բաղձա հոն մենանալ,Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն,Երկու թևը պարզած՝ խաչի մը հանգույն:

Խա՜չ՝ որուն ցավն ու ըստվերները գորշգույնԿ’ադրադառնան՝ ինչպես մըռայլ ուրվական՝Լուրթ ջուրերուն վրա ծով հոգվույն մայրական,Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն:

Բ

Մութնուլուսուն պատըշգամբին վրա է.Եղյամին վրա, ոտքը բոպիկ, գլուխը բաց.Սըրինգ մը անտես իր շուրթերուն է հըպած,Եվ ջուրերու թույլ շրշյունին կ’ունկնդրե:

Պի՜շ կը նայի ծովեն անդին, լրջացածՀորիզոնին. կը կարծե ի՛նք կերպեր է,Իր անանուն սրինգով՝ բոլոր դաշն ու ցածՁայնաշարը՝ զոր սյուքն հեզիկ կը բերե:

Մեծ, ճշմարիտ ու նախնական այդ ձայնով,– Իր նըվագով,– ա՜յնքան կ’ըլլա ինք գինով,Որ կը պատե գրկած արևը ծագող:

Բայց առաջին նայվածքներեն, ինչպես գող,Ներս կը սուրա ընդոստ խուցեն. իր շուրջիՄարդաձայնեն ինք զինքն հիշած՝ կը փախչի…

Գ

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան,Զոր ցանցեր է շրջուն թալուկն անդունդին.Կ’ուզե նայիլ անգա՛մ մըն ալ իր չորսդին,–Քաղցրություններն արդյոք կու գա՞ն, ա՜հ, կու գա՞ն:

Համակրության պզտիկ բառ մը մեղրանույշ,Պզտիկ ճըրագ մը գորովի բոցարծարծ՝Որ նշմարել տա խավարին մեջ հանկարծՀին սիրական ուղին, հոգ չէ՛, ա՛յսքան ուշ…

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժանՔարշեպին վրա. վարեն մըթար ջուրերունԶինք կը կաթե շարժող տեսիլն ուրվական.Վարե՞ն. մըռայլ տարփի ձայներ կը վըժան…

Փնտռեցե՜ք այս տըղան, ո՞ւր եք, ո՜վ սուրբեր.Թողե՛ք անկյունն՝ ամուլ ձեր գութն ու մատյան.Աստվածն ա՛ն է, ա՛ն՝ որ արցունք է սրբեր,Ա՜հ, քաղցրություն, գոնե շի՜թ մը քաղցրություն:

Դեռ կըսպասե՜, մտքին մութին մեջ դաժան,Նըշույլներո՛ւն դեռ՝ դեռ սիրաշարժ շրթունքին,Դեռ սիրածագ բոցին՝ աչքի մը անգին…Դեռ կյա՜նք կ’ուզեմ անոնք Մա՜հն իր կը կարդան:

Սև լաթի մը պես կը նետեն երեսին“Խենթ” բառն անհուն. բառ անգորով ու դաժան.Ու կը դառնան ապրիլ իրենց կյանքն ոսին,Սև եղբայր մը մատնած ցավին անբաժան:

Դեռ կըսպասե՜ պզտիկ բառ մը մեղրանույշ,Դեռ կըսպասե՜ գորովանքի ճրագն արծարծԴեռ կըսպասե՜ որ խավարին մեջ հանկարծՀին սիրական ուղին ցույց տան, ա՜յսքան ուշ…

Comments

Loading comments…