Կապույտ հածումներ

Կը դառնա ժիր կախիլներն իմ ապրըշումե անրջանքիս,Ոլորելով դեղին, ճերմակ մահն երբեմնի շերասներուն.Խըռովանքիս մեջ կըսպասեմ, ո՞ւր, արդյոք ո՜ւր պիտի հանգիԿույս ու ծաղիկ երազներուս դեղձան շառափը մարմըրուն:

Դառն հրճվանքով ես կը դիտեմ խելխոլ շրջպարն այդ դարձդարձիկ,Գիրկն անդորրիս կիսամըրափ և անձկանքիս մեջ ամրափակ,Տենչ մը դալար բաղեղի պես կը պլլըվի հոգվույս բաղձիկ՝Զոր տենդագին կը գալարեր հուր սերերուն ուժգին պապակ:

Հապօ՜ն, անցի՜ր, ծըծե՛ հեշտին համբույրն անույշ լելակներուն,Ու թևաբախ սուրա հոն՝ ուր զույգ մը դաշտեր բիլ սմբուլիՔեզ կըսպասեն՝ խնկապատար ցայգուն ցողովը թաթավուն,Իրենց անհուպ միայնության մեջ՝ սըգավոր ու հեշտալի:

Շրջանն ըրե մարմանդներուն ու ծաղկածին հովիտներուն,Անցիր տըմույն ըստվերներու մեջ աղոթող անտառներեն,Գոտի հյուսե շուրջն ալևոր քարշեպներուն ու գալարունԳետին վըրա՝ որ կը վազե հըռնդալեն ու հևալեն:

Անցիր փաղփուն հյուսիսայգին բորբ աչքերու շամանդաղին,Մինչև երդեմն արտորսրազօծ՝ կանացի բոց հոգիներուն,Ըսե կրակոտ նայվածքներուն թե մանո՜ւկն եմ իրենց խաղինՈւ տար անոնց դողն ըստվերոտ պաղատանքիս իմ մոլորուն:

Այս իրիկուն, լուռ, անշըշուկ, օրհասին հետ բզզյուններուն,Ու խաղաղիկ հորձանքին մեջ թռչուններու ցագանդորրին,Այս իրիկուն, թե՜լն անուրջիս, գընա՛, անցի՜ր, հուշիկ հեռո՜ւն՝Լուսածըրար երկինքներու ճամբաներեն լայն ու լըռին:

Խոլ դարձիդ մեջ, գընա՛ պահ մը կայքն ադամանդ աշխարհներուն,Ժապավենիդ վրա շարելով անոնց արցունքը գունագեղ.Խորասուզե ծոպդ ոսկեզօծ՝ ծովածիծաղ ու թրթըռունՔընարին բիլ նայվածքներուն ծփծփանքին մեջ հորդազեղ:

Ու շնչահատ վազե մինչև միգամածներն ոսկեփոշի,Ու ցնծագին անցիր անոնց մըշուշապատ շավիղներեն,Բայց անոնց բյուր շըլացքներեն քու ճղճիմ հուրքդ երբոր մաշի,Փոթով ինծի՛, փոթով ինծի՛, փութով ինծի՛ դարձիր նորեն…

Comments

Loading comments…